среда, 16 декабря 2015 г.

Պատմություն։ Նախագիծ 2

Հայկական մշակույթը 19-20-րդ դարի սկզբին

Կրթական համակարգը

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է տվել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
 1838 թվականի մարտին ցարական կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեցական 6 թեմերի (Արարատյան , Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի) կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ և ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառական և թեմական դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում գործել են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։
  1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն, կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։
  1870-ական թվականներին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, բնագիտություն, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան (Շուշի), Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն էլ՝ Թիֆլիս), Եղիսաբեթյան (Ախալցխա), Արղությաև (Ալեքսանդրապոլ)։
  1885 թվականին ցարական իշխանությունը ուզեցել է փակել հայկական դպրոցները, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը, բայց մեկ տարի անց թույլ է տվել վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։
  Հայկական բարեգործ, ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութական միջոցներ։ 1890-ական թվականներին խստացվել են ցարական օրենքները, իսկ 1895-1896 թվականին հայկական դպրոցները կրկին փակվել են,իսկ առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ 1905 թվականին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերստացման հրամանագիր է ստորագրել։

Պատմագիտություն

  Մեծ աճ ունեցան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը:
  Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
 Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:


Արվեստ և ճարտարապետոթյուն

Երաժշտությունը եւս զարգացում էր ապրում: Երաժշտական արվեստի հսկաներից էր Կոմիտասը, որը հավաքեց եւ մշակեց շուրջ 3000 երգ: Տիգրան Չուխաջյանը գրեց առաջին հայկական օպերան` «Արշակ Բ»: Ալեքսանդր Սպենդիարյանը հիմնադրեց սիմֆոնիկ երաժշտությունը` գրելով «Ալմաստ օպերան: Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրեց համանուն օպերան, որը բեմադրվեց Ալեքսանդրապոլում 1912թ.: Զարգանում էր նաեւ աշուղական երգարվեստը, որի փայլուն ներկայացուցիչներից էին Ջիվանին եւ Շերամը:
 Առաջին պրոֆեսիոնալ թատրոնը հիմնվում է Կ.Պոլսում, 1846թ.: Այն հիմնականում ունեցել է կրկեսային բնույթ, բայց ներկայացրել է նաեւ պատմական դրամաներ ու մելոդրամներ: 1847թ. Կ.Պոլսի Բերա թաղամասում կառուցվել է թատրոնի մշտական շենք կրկեսային եւ դրամատիկական ներկայացումների համար: 1851թ. Թիֆլիսում ստեղծվեց Թամամշյանի թատրոնը: 1863թ. Կ.Պոլսում Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնում ներկայացումներ էին տրվում հայերենով եւ թուրքերենով: Թատերարվեստի զարգացման գործում խոշոր ավանդ ներդրեցին դերասաններ Պետրոս Ադամյանը, Գեւորգ Չմշկյանը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ ուրիշներ:

 19-րդ դարի նշանավոր նկարիչներից էին Հակոբ եւ Աղաթոն Հովնաթանյանները: Ճանաչված նկարիչ էր Ստեփան Ներսիսյանը, որի վրձնին են պատկանում բազմաթիվ հայ նշանավոր գործիչների դիմանկարներ: Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ էր Հովհաննես Այվազովսկին, որը բազմաթիվ կտավներ է կերտել նաեւ հայկական թեմաներով: 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներն էին Վարդգես Սուրենյանցը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ:
  20-րդ դարի սկզբի ճարտարապետության հայտնի դեմքերից էին Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին եւ ուրիշներ:
  Բնագիտության ասպարեզի խոշոր գիտնականներից էր ֆիզիկոս Հովհաննես Ադամյանը, որը հանդիսացավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը:
 Հայ մշակույթին ծանր, շատ կողմերով անդառնալի հարված հասցրեց 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց արեւմտահայ մտավորականությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հազարավոր պատմա-մշակութային հուշարձաններ եւ տասնյակ հազարավոր հնագույն ձեռագրեր:

Աղբյուրներ`
http://hogwarts-ddnt.blogspot.am/2015/02/19-20.html
https://hy.wikipedia.org/wiki/19-րդ_դարի_հայկական_մշակույթ
https://abroyanvahe.wordpres.com/201503/28/հայկականմշակույթը-19-20-րդ-դարերում/
https://hy.wikipedia.org/wiki/Նոր_շրջանի_հայկական_դպրոց

Комментариев нет:

Отправить комментарий