пятница, 18 декабря 2015 г.

Պատմություն: Նախագիծ 2

Հայաստանի առաջին հանրապետուրթյուն

Ներածություն
Նախագծում ներկայացնում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության  ձևավորման և հռչակման գործընթացը, Մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը կենսական անհրաժեշտություն էր, որը հիմք դրեց ներքաղաքական նոր հարաբերությունների ու զարգացումների: Նյութում նաև զուգահեռներ եմ անցկացնում Հայաստանի Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև: Կարելի է ասել, որ այս երկու Հանրապետությունները ունեն էական նմանություններ ու տարբերություններ, որն էլ կարևոր առանձնահատկություն եմ դիտարկում որպես:
Այժմ ներկայացնեմ ինչպես սկսվեց Առաջին հանրապետության ձևավորում  Մայիսյան Հերոսամարտեր:

1918թ. Մայիսյան հերոսամարտերը և դրանց պատմական նշանակությունը
Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15-ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը (Գյումրին) և առաջ շարժվեցին երկու հիմնական ուղղություններով։ Թուրքական զորքերի մի խմբավորում Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը՝ Ղարաքիլիսա (Վանաձոր-Ղազախով ռազմավարական ուղղություն վերցրեց դեպի Բաքու։ Հայկական ազգային զորամասերը անկարող էին երկարատև դիմադրություն ցույց տալ զավթիչներին։ Հայ ժողովրդի գլխին նորից կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը։
Թուրքերին դիմակայելու համար կատարվեց հայկական զինված ուժերի վերադասավորում։ Ստեղծվեց Երևանյան զորախումբը, որի հրամանատարն էր գեներալ Մովսես Սիլիկյանը։
Արարատյան դաշտ ներխուժած թուրք ասկյարները (զինվորները) մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ (Արմավիր) գյուղն ու կայարանը։ Հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքարի ելավ, ուր վճռվելու էր նրա լինել-չլինելու հարցը։
Մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը։ Սարդարապատի զորաջոկատը, որի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, հրետանային նախապատրաստությունից հետո անցավ հակահարձակման։ Հայկական զինուժը հուժկու գրոհով հետ վերցրեց թշևամու կողմից մեկ օր առաջ գրաված Սարդարապատը։ Թուրքերը, մեծ կորուստներ տալով, խուճապահար նահանջեցին մինչև Արաքս կայարանի մոտակա բարձունքները։ Իսկ մի քանի օր տևած համառ ու ծանր մարտերից հետո թուրքական 15-հազարանոց զորքը ջախջախվեց և նահանջեց դեպի Գյումրի։
Այդ հաղթանակը բարձրացրեց զորքի և ժողովրդի տրամադրությունը։ Հարկ է նշել, որ հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ Երևանի ու Արարատյան դաշտի ողջ հայ բնակչությունը։ Հարյուրավոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, ներկայանում էին զորամաս և կամավոր մեկնում ճակատ։ Գյուղացիները տրամադրում էին փոխադրամիջոցներ, փամփուշտ, սննդամթերք, մտնում աշխարհազորայինների շարքերը, փորում խրամատներ։ Հերոսամարտը ստացավ համաժողովրդական բնույթ, հայ ժողովուրդը համախմբվել, մի բռունցք էր դարձել, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության։ Արարատյան դաշտի ինքնապաշտպանության ոգին Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանն էր (1879-1919թթ.)։ Նրա աննկուն կամքի և հմուտ կազմակերպչական ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը հաղթանակ տոնեց։
Սարդարապատի ճակատամարտին գրեթե զուգընթաց ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում։ Մայիսի 22-ին թուրքական մի դիվիզիա, գրավելով Սպիտակը, շարժվեց Բաշ-Ապարան՝ նպատակ ունենալով Երևանի վրա գրոհել հյուսիսից, մտնել Արարատյան դաշտ և Սարդարապատի մոտ հայկական զորամասերին հարվածել թիկունքից։ Ստեղծվեց հարվածային խումբ։ Հայկական զորամասը, Դրոյի հմուտ ղեկավարությամբ, ոչ միայն կասեցրեց թուրքերի առաջընթացը, այլև խիզախ հակագրոհով փախուստի մատնեց թշնամուն։ Այդ կռիվներում հայերին օգնում էր Ջահանգիր աղայի քրդական (եզդիական) ջոկատը։
Մայիսի 24-28-ը ահեղ մարտեր տեղի ունեցան Ղարաքիլիսայի մոտ։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Չնայած թշնամին ի վերջո գրավեց Ղարաքիլիսան և շարժվեց առաջ, սակայն այնտեղ նույնպես հայերը ցույց տվեցին հիրավի հերոսական դիմադրություն։ Դա խոստովանել է հենց թուրք հրամանատարությունը։ Ղարաքիլիսայի կռիվներում աչքի ընկան սպաներ Ա. Բեյ Մամիկոնյանը, Ն. Ղորղանյանը, Գ. Նժդեհը, մարտերում հերոսաբար զոհվեց կապիտան Գ. Տեր-Մովսիսյանը և ուրիշներ։
Այսպիսով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

Հայաստանի Հանրապետության հռչակումը
Այն օրերին, երբ հայ ժողովուրդը թուրքական զավթիչների դեմ կյանքի ու մահվան կռիվներ էր մղում 1918թ. մայիսյան հերոսամարտերում, սուր հակասություններ էին առաջացել երկրամասի երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնային Հանրապետության իշխանության մարմիններում։ Այդ իսկ պատճառով Անդրկովկասյան Դաշնության փլուզումը դարձավ անխուսափելի։
1918թ. մայիսի 26-ին լուծարվեց Անդրկովկասյան սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվեց Անդրկովկասյան Հանրապետությունը։ Այդ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը, հաջորդ օրը՝ Ադրբեջանը, իսկ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց (կենտրոնական) Ազգային խորհուրդը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Ընդունված հայտարարագրում մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»։
Այսպիսով, եղեռն ապրած հայ ժողովուրդը, թշնամու մահաբեր սպառնալիքի պայմաններում, ուժ գտավ իր մեջ և վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր և ստեղծված պայմաններում միակ նախընտրելի ուղին։ Հայաստանի անկախության համար հայ ժողովուրդը պարտական էր ազատագրական իր տևական պայքարին, իսկ կոնկրետ պարագայում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերին։ Ի նշանավորումն այդ իրադարձության՝ Մայիսի 28-ը համարվում է համայն հայության նվիրական տոներից մեկը՝ Առաջին հանրապետության անկախության օրը։
Հայաստանի անկախության հռչակումը շրջադարձային եղավ հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր-մշակութային կյանքում։

Ներքին քաղաքականություն
Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Թիֆլիսում կազմվեց անդրանիկ կառավարությունը։ Այն 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրվեց մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ (վարչապետ) ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։
Մինչ նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարվել։ Այն իրականացրել էր Երևանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան, 1879–1919)։ Նրան իրավամբ կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր։
Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը։ Հարկ է նշել, որ հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան։ Առաջին խորհրդարանը կոչվել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամավորով, բազմակուսակցական սկզբունքով։ Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձևավորվել է 1919թ. հունիսին անցկացված համաժողովրդական ընտրությունների միջոցով։ Այն բաղկացած էր 80 պատգամավորից, որոնց ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց մասնագիտությամբ գյուղատնտես Ավետիք Սահակյանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախոս Ավետիս Ահարոնյանը (1866-1948)։
Պետական կառավարման տեսակետից ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը։ Ընդ որում, կառավարության նախագահը (վարչապետը) համարվում էր հանրապետության թիվ մեկ պաշտոնատար անձը։ Սակայն նա ընտրվում էր խորհրդարանի կողմից և հաշվետու էր նրան։
Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես, որոշ փոփոխություններով, պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները։ Հետագայում աստիճանաբար սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։ Դատաիրավական համակարգումմտցվեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ և սենատ) դատական ատյան։ Հանրապետության դատական համակարգի ժողովրդավարացման դրսևորում էր 1919թ. երդվյալ ատենակալների դատարանի հիմնումը։
Իշխանության համակարգում իրենց ուրույն տեղն ունեին տեղական իշխանության՝ գավառային, քաղաքային և համայնքային մարմինները։ Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ Հանրապետական նշանակության քաղաքների թիվը նույնպես անցնում էր մեկ տասնյակից։ Ավելի ուշ՝ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասավ շուրջ 70 հազ. քառ. կմ-ի, 2 մլն բնակչությամբ։ Կառավարության նախաձեռնությամբ մշակվեց և գործողության մեջ դրվեց զեմստվային (տեղական ինքնակառավարման) հաստատությունների մասին օրենքը։ Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունները և այլն։

Ազգային բանակի ստեղծումը
Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը՝ կենսունակ, որն ունի կարգապահ ու մարտունակ բանակ։
Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պահանջով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա։ Այդ իսկ պատճառով 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը (1862-1937)։ Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի։ Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը (1873–1937), իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը (սպարապետ)՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը (1855-1931)։
Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է փառաբանված հայդուկապետ Անդրանիկի գլխավորած հավաքական զորաջոկատին։ Գեներալ Անդրանիկը որոշակի տարաձայնություններ ուներ կառավարության հետ, ուստի 1919թ. գարնանը նա իր սուրը և զենքերը հանձնեց կաթողիկոսին և մեկընդմիշտ հեռացավ Հայաստանից։ Ազգային հերոս Անդրանիկը արտասահմանում շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։ Նա մահացավ 1927թ. ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, թաղվեց Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Երախտագետ հայ ժողովուրդը ի կատար ածեց Անդրանիկի կտակը։ 2000թ. նրա աճյունը տեղափոխվեց հայրենիք և հանդիսավորությամբ թաղվեց Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնտեղ, ուր հանգչում են Հայաստանի ու արցախյան հերոսամարտի մյուս նահատակ հերոսները։
1919թ. հունվարից, երբ արդեն թուրքական զորքը հեռացել էր Անդրկովկասից, և ավարտվել էր նաև հայ-վրացական պատերազմը, կատարվեց բանակի մասնակի զորացրում։ Դրա փոխարեն հայտարարվեց 20-25 տարեկան զինապարտ քաղաքացիների զորակոչ։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Արդեն 1920թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, իսկ աշնանը, թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում՝ 33 գեներալ և 2000-ից ավելի սպա։

Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծումը
1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը։ Լճացման տարիների ծերացած ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ եւ համեմատաբար առաջադեմ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ առաջին նախագահը։ Նա հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։ Խորհրդային Միությունը այդ տարիներին կանգնած էր արմատական փոփոխությունների անհրաժեշտության առջեւ։
Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցերն ու առավելապես ազգային խնդիրները ակտիվացրեցին ու շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների` տարբեր ժողովուրդների ու ազգերի։ Այդ շրջանում ազատագրական շարժումների ծավալումը Վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանքն էր։ Առաջինը հանդես եկան արցախահայերը, որոնք ամենևին չէին հաշտվել պատմական իրենց տարածքները Ադրբեջանին բռնակցելու և ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հակահայկական քաղաքականության հետ։ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի /ԼՂԻՄ/ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, պատմական որոշում ընդունեց։ Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ։ Հայաստանում և Սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք բարձրացավ։
Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա` 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Իրականացավ անկախության վերականգնման հայ ժողովրդի դարավոր երազանքը:


Օգտագործված աղբյուրներ:
http://armyansky.narod.ru/index/0-95
http://www.mfa.am/hy/armenia-history/#armenia
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1343
http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1328
http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_HH_kazmavorumy_ev_ankaxutyan_hrchakumy


Комментариев нет:

Отправить комментарий