вторник, 3 декабря 2013 г.

Միսաք Մեծարենց

Միսաք Մեծարենց


Միսաք Մեծարենցն իր մեղեդային բանաստեղծություններով
նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան. ստեղծել է
բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ,
կատարելության հասցրել ոտանավորի ձևերը:


Ծնվել է առևտրականի ընտանիքում(իսկական ազգանունը՝ Մեծատուրյան), սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի(Սեբաստիայի) Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել Կոստանդապոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։
Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»։
  Կենդանության օրոք, 1907–ին, Կոստանդապոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցը ծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն։ Բայց նրան վիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը։ 1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության՝ թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ։ Պատճառը եղել էր ճակատագրական մի դեպք։ Սվազում մի խումբ տղաներ, շփոթելով իրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան։ Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ են վախեցնում երկչոտ տղային։ «Ամեն խնամք ու ջանք թափեցավ՝ զինքը հիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայց այդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի՝ Միսաք Մեծարենց բանաստեղծին կյանքը կարճելով»։ Հիվանդությունը գնալով խորանում է։ Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն։ Մահացել է թոքախտից, 1908-ին։

 Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
 Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թ նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։


Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար...
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)

Комментариев нет:

Отправить комментарий